Рубрика: Գրականություն 7

Հանս Քրիստիան Անդերսեն | Ծեր կաղնու վերջին երազը

Անտառում՝ զառիվայրին, ծովափին մոտ, կանգնած էր մի ծեր կաղնի: Նա ընդամենը երեք հարյուր վաթսունհինգ տարեկան էր: Ծառերի այդ տարիքը հավասար է մարդկային կյանքի օրերին: Մենք արթնանում ենք առավոտյան, քնում՝ գիշերը ու երազ տեսնում: Ծառերի մոտ այլ է. նա ստիպված է արթուն մնալ տարվա երեք եղանակներին եւ քնել միայն ձմեռնամուտին: Ձմեռը նրա հանգստի ժամանակն է: Իր գիշերը՝ երկա՜ր գարունից, ամառվանից ու աշունից հետո: Ամառային տաք օրերին, փոքրիկ Էֆեմերաները (այդպես են կոչվում մեկ օր ապրող թիթեռները) պտտվում էին կաղնու շուրջը, վայելում կյանքն ու երկար պարելուց հետո հանգստանում կաղնու լայն տերեւների վրա:

-Խե՜ղճ, փոքրիկ արարած: Ողջ կյանքդ բաղկացած է այս մեկ օրից: Ի՜նչ կարճ է: Պետք է, որ թախծես, – այսպես էր ասում ծեր կաղնին ամեն օր:

-Թախծե՞մ: Ինչպե՞ս, – թիթեռների հիմնական պատասխանն էր: – Իմ շուրջը ամեն ինչ այնքան գեղեցիկ է, այնքան լուսավոր ու ջերմ, որ ես միշտ երջանիկ եմ:
-Բայց ընդամենը մեկ օր, հետո ամեն ինչ վերջանում է:
-Վերջանո՞ւմ, – կրկնեց թիթեռը, – ինչպե՞ս է վերջանում: Դու նույնպե՞ս վերջանում ես:
-Ոչ: Ես գուցե ապրեմ քո կյանքի նման հազարավոր օրեր, ու դա այնքան երկար է, որ դու չես կարող հիշել:
-Ես չեմ հասկանում, դու ապրում ես հազարավոր օրեր, իսկ ես՝ հազարավոր պահեր, ու ես երջանիկ եմ լինում: Արդյոք ամբողջ գեղեցկությունը վերջանո՞ւմ է, երբ դու մեռնում ես:
-Ոչ, – պատասխանեց ծառը, – այն շա՜տ ավելի երկար է տեւում, հավերժության չափ երկար, չեմ կարող անգամ ասել՝ որքան երկար:
-Դե, ուրեմն, – ասաց թիթեռը, – մենք միեւնույն ժամանակը ունենք ապրելու համար, միայն թե մենք տարբեր կերպ ենք հաշվում:
Ու այդ փոքրիկ արարածը պարեց ու լողաց օդում, զվարճացավ՝ մետաքսե ու թավշյա թեւերը թափահարելով բուրավետ քամիների մեջ, որոնք վայրի վարդերի ու ծաղկած ծառերի բույրով էին լցված: Երկար ու գեղեցիկ օրն այնքան լի էր անուշահոտությամբ ու ուրախությամբ, որ թիթեռը հոգնեց սեփական երջանկությունից ու վայելքից: Նրա թեւերը այլեւս անկարող էին թափահարել, ու նա դանդաղորեն ու զգուշորեն իջավ ու նստեց կանաչ խոտի վրա, գլուխը թափահարեց ու քնեց: Նա մահացավ:
-Խե՜ղճ, փոքրի՜կ Էֆեմերա, – բացականչեց կաղնին, – ի՜նչ կարճ կյանք ունեցար:
Եւ այդպես ամռան յուրաքանչյուր օր կրկնվում էր միեւնույն պարը, տրվում էին միեւնույն հարցերը ու ստացվում միեւնույն պատասխանները: Միեւնույնը կրկնվում էր արդեն տասնամյակներ: Նրանցից յուրաքանչյուրը հավասարապես երջանիկ եւ ուրախ էր:

Կաղնին արթուն մնաց գարնանային առավոտներին, ամառային կեսօրներին ու աշնանային երեկոներին: Հանգստի ժամանակն էր մոտենում: Ձմեռ էր գալիս: Փոթորիկները սկսել էին իրենց երգը:
-Բարի գիշե՜ր, բարի գիշե՜ր…
Այստեղ ու այնտեղ սկսեցին տերեւներ ընկնել:
-Մենք քեզ համար օրորոցային կերգենք ու կօրորենք քեզ: Քնի՜ր, քնի՜ր: Մենք հաճույքով կերգենք քեզ համար: Մենք կօրորենք քո ճյուղերը ու նրանք կշառաչեն հաճույքից: Անու՜շ քուն, անու՜շ քուն, սա քո երեք հարյուր վաթսունհինգերորդ գիշերն է: Դու ամենաերիտասարդն ես աշխարհում: Անո՜ւշ քուն, ամպերը ձյուն կթափեն քո վրա ու կծածկեն քեզ՝ ջերմ ու ապահով: Անո՜ւշ քուն ու բարի երազնե՜ր:
Ու կանգուն կաղնին, տերեւներից մերկացած, հանգստի անցավ երկար ձմռան ընթացքում: Նա պետք է շատ երազներ ու կյանքում պատահած դեպքերը տեսներ, ինչպես մարդիկ են տեսնում: Այդ հսկա ծառը, նույնպես, մի ժամանակ փոքրիկ ճյուղ է եղել:
Ըստ մարդկանց կյանքի տեւողության՝ կաղնին արդեն ապրում էր իր չորրորդ դարը: Այն ամենամեծ ծառն էր անտառում: Նրա գագաթը ծածկում էր կողքի ծառերը ու երեւում էր անգամ ծովից: Նավաստիների համար այն ուղենիշ էր համարվում:
Եթե միայն իմանար, թե քանի մարդու աչք է հետեւում իրեն ամեն օր: Աղավնիները բույն էին կառուցել իր գագաթի ճյուղերի վրա, կկուները երգում էին ու իրենց ձայնը տարածում ողջ անտառով, իսկ աշնանը տերեւները կարմրում էին, թռչունների երամները հանգստանում ճյուղերի վրա, մինչ տաք երկրներ չվելը: Բայց արդեն ձմեռ էր, ծառը տերեւազուրկ էր ու տեսանելի էին նրա կորացած ճյուղերն ու բունը: Ագռավները հերթով գալիս-նստում էին նրանց վրա ու խոսում սկսվող դժվար ժամանակների մասին:
Հենց Սուրբ ծննդյան գիշերն էր, երբ կաղնին երազ տեսավ: Նա զգում էր՝ ինչպես է մոտենում տոնական ժամանակը ու երազում լսում էր եկեղեցիների զանգի ձայները ու ջերմություն զգում, ինչպես ամռան մի շոգ օր կզգար: Նրա հզոր գագաթը խոնարհվում էր կանաչ սաղարթի վրա, արեւի շողերը խաղում էին իր տերեւների ու ճյուղերի արանքում, իսկ օդը լի էր բույսերի ու ծաղիկների բույրով, գունավոր թիթեռները պարում էին իր շուրջը, ու ասես ամբողջ աշխարհը ստեղծվել է հենց նրանց համար: Ու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել կաղնու կյանքում, յուրաքանչյուր տարի, նա տեսնում էր իր երազում: Նա տեսնում էր հին ժամանակների ասպետներին, ազնվական կանանց՝ ձիերը հեծած իր կողքով անցնելիս, որսի սկիզբն ազդարարող շչակների հնչյուններն ու շների հաչոցը: Նա տեսավ թշնամու զինվորներին՝ գունավոր հագուստներով ու փայլուն զենքերով, աղեղներով ու վահաններով, ովքեր իրենց վրաններն էին տեղադրում ու հենց այդտեղից էլ հարձակվում: Հսկման խարույկները կրկին վառվեցին, տղամարդիկ սկսեցին երգել ու քնեցին իր հաստ բնի շուրջ: Նա տեսավ սիրահար զույգերի, ովքեր իրենց երջանկությունն էին գտնում իր հյուրընկալ ճյուղերի ու լուսնի լույսի տակ: Նրանք իրենց անուններն էին քանդակում իր կանաչ բնի վրա: Մի օր, երկար տարիներ առաջ, ուրախ զբոսաշրջիկները կիթառներ ու տավիղներ էին կախել իր կանաչ ճյուղերից: Հիմա, կարծես, կրկին կախված են, նա կրկին լսում է նրանց նվագի ձայնը: Աղավնիները երգում էին՝ կաղնու զգացողությունների մասին ու պատմում այն տարիների մասին, որ կաղնին դեռ պիտի ապրեր:
Ու, մի պահ, թվաց, թե ծառի յուրաքանչյուր ճյուղի ու արմատի մեջ նոր կյանք է սկսվում: Ծառը սկսեց ձգվել ու տարածվել: Որքան բարձրանում էր, նույնքան էլ հզորանում, լայնանում ու լիանում, չափերով մեծանում, ինքնաբավությունը ավելանում ու դրա հետ ավելանում էր նաեւ երջանկությունը, ջերմությունն ու պայծառությունը: Նրա գագաթային ճյուղերը արդեն ամպերից վեր էին անցել, իսկ թռչունների երամները հենց ճյուղերի տակով էին անցնում: Աստղերը նույնիսկ կեսօրին էին տեսանելի՝ վառ ու շողշողուն: Ի՜նչ երջանիկ պահեր էր ապրում ծեր կաղնին, ի՜նչ ուրախ ու անհոգ:
-Իսկ որտե՞ղ են կապույտ ծաղիկները, որ աճում են ջրի վրա, – հարցրեց կաղնին:
Նա ցանկանում էր, որ իր բոլոր սիրելիները իր կողքին լինեն:
-Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգում էին նրանք:
-Իսկ որտե՞ղ է անուշաբույր ուրցը, որ ամռանն աճեց, եւ ջրաշուշանները, որոնք անցած ամռանը ծածկեցին երկիրը իրենց բույրով, եւ վայրի խնձորենիները՝ իրենց ծաղիկներով, եւ խիտ անտառը, որ ամեն տարի ավելի ու ավելի է հարստանում:
– Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգեցին նրանք միաձայն: Նրանք կարծես նախապես էին հայտնվել կաղնու երազի մեջ:
– Սա շա՜տ գեղեցիկ է, չափազա՜նց գեղեցիկ իրական լինելու համար:- Նրանք բոլորն այստեղ են՝ մեծ ու փոքր: Կարո՞ղ է այսքան երջանկություն մեկ տեղում լինել:
– Երկնքում ու հավերժական կյանքում հնարավոր է,- կրկին միաձայն երգեցին բոլորը:
Ու ծեր կաղնին ավելի ու ավելի էր բարձրանում ու հանկարծ զգաց, թե ինչպես են արմատները պոկվում հողից:
-Այսպես ճիշտ է, այսպես շա՜տ լավ է, – ասաց ծառը, – այլեւս չկան ինձ պահող շղթաներ: Ես հիմա կարող եմ ավելի վեր բարձրանալ՝ դեպի լույսն ու փառքը: Ու բոլորը, ում ես սիրում եմ, ինձ հետ են գալիս: Բոլորը այստեղ են:
Այսպիսին էր ծեր կաղնու երազը: Ու մինչ նա երազում էր, հզոր փոթորիկը նրան տապալեց Սուրբ Ծննդյան օրը: Ու ծովն ալեկոծվեց: Կաղնու արմատները պոկվեցին հողից հենց այն պահին, երբ նա երազում տեսնում էր իր բարձրանալը: Նա ընկավ ու իր երեք հարյուր վաթսունհինգ տարիները ավարտվեցին, ինչպես Էֆեմերաների մեկ օրը:
Ափին մոտենալուն պես նավաստիները նկատեցին ընկած կաղնուն:
-Ծառը ընկել է… ծեր կաղնին, մեր նշանակետը այլեւս չկա: Փոթորիկն է եղել պատճառը: Ո՞վ կփոխարինի նրան: Ավա՜ղ, ոչ-ոք, – բացականչեցին նավաստիները:
Սա կաղնու մահախոսականն էր՝ կարճ, բայց իմաստալի:
Արեւը դուրս եկավ ու փոթորիկն անցավ: Բոլոր եկեղեցիների զանգերը սկսեցին ղողանջել ու սկսվեց Սուրբծննդյան պատարագը:
Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները: Իսկ կաղնին ավելի՜ ու ավելի էր բարձրանում իր վերջին երազում:

Թարգմանությունը անգլերենից՝ Էդիթ Մարգարյանի

Աղբյուրը՝ granish.org

Рубрика: Գրականություն 7

Կրակի  առասպելը: Վլադիմիր Հուլպաչ

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

―  Կրա՜կ,―  գոչեց  նա,―  կրակ  կա  կղզու  վրա։

―  Ի՞նչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման,―  հարցրին  մյուս  կենդանիները։

―  Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է,  ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին,―  պատասխանեց  անգղը։

―  Կրակը  մեր  բարեկամն  է,―  ասաց  սարդը,―  եթե  կարողանանք  կրակը  բերել,  մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

―  Ի՞նչ․․․  Դո՞ւ,―  ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են,  մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

Պարզվեց,  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով՝  վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ,  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ,  անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած՝  ջանում  էր  արդարացնել  իրեն։

―  Կրակը  մեր  բարեկամը  չէ,  նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել,  քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

―  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ,―  պարծեցավ  ակնոցավոր  օձը,―  գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

―  Կրակը  արտակարգ  ուժ  ունի,―  բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն,―  ամբողջովին  այրեց  ինձ։

―  Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը,―  ասաց  սարդը։

Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել,  թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում,  նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել՝  կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել,  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք  անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու,  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

―  Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել,  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

―  Հուսով  եմ,  որ  շատ  չի  ուտի,―  ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

―  Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում,―  հանգստացրեց  նրան  սարդը։

―  Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր,  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

―  Ես  նրան  կտամ  իմ  կեղևը,  որ  թաց  էլ  է  վառվում,―  ասաց  սոճին՝  պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ․  սկսեց  վառվել։

Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ,  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք,  որ  մասնակցում  է  նաև  կրակը․
Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
Լսում  տերևների  երգը  անդադար․
Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

Առաջադրանք:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։

բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝  Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Կրակի ջերմության կարիք ոչ ոք չուներ։
  • Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։
  • Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։
  • Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։
  • Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։
  • Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։
  • Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։
  • Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։
  • Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։
Рубрика: Գրականություն 7

Վահան Թոթովենց, Ներման աղոթքը

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…

Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։

Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Տրտում, շատ տրտում էի․․․

Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։

Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։

Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։

Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։

Խնձորը առնելեն ետք… փախավ…

Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.

— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։

Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։

Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։

— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։

Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.

«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։

Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։

Առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ:

3.Վերնագրի՛ր հատվածները:

4.Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը:

5. Հատվածը դարձրու արևելահայերեն:
Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Рубрика: Գրականություն 7

Վահան Թոթովենց. Մարանը

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:
3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:
4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:
5. Ընդգծիր համեմատությունները:

Рубрика: Գրականություն 7

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Ղազարոս Աղայան

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։

Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

– Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։

– Աշտարակը չի եղել բարձր,– ծաղրեց նրան մի ուրիշը,– այլ՝ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։

– Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել, այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս… Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխեքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։

– Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատի՛կ, թող դիպչեր, էլ ետ վայր ընկներ,– հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։

– Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և Աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է եղել և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել, կարծեմ։

– Հիմա՛ պատմիր, տատի՜կ, հիմա՛ պատմիր,– աղաղակեցին երեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին…* * *Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում, նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ, ակնոցը քթին դրած, երեխաների պատռտած շորերն էր կարկատում։ Երբեմն էլ՝ ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում դնում ծնկան վրա, որ տեսնի՝ հարսները լա՞վ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե՞ ոչ։ Նա միևնույն ժամանակ առանց ուշադրության չէր թողնում տան հոգսը, շատ անգամ միջահատում էր իր պատմությունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին։ Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաքշում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնե, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրությունը լցնե։* * *

«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,– շարունակեց տատիկը։– Երկնքից լսվում էր Աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը, պատվերներ էր տալիս և հասկացնում էր, թե՝ ի՛նչ պետք է անեն և ի՛նչ չպետք է անեն։

Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։ Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը…

Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը,— ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակումը, իր ականջովը լսած լիներ Աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ՝ զրկված այն երջանկությունից»։* * *

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Գյուլնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

– Անտես-Աննմանին դևը փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա, այրվեցա՜»… Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ի՛նձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե՝ այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ՝ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին՝ նա կրկին կկենդանանար։

Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ՝ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ «Մեկ է՛լ զարկիր, մեկ է՛լ, մեկ է՛լ»…– ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը, և ինչ որ գանձ ու հարստություն ուներ՝ բոլորն Էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք՝ սկսեցին երկար վիճել, թե՝ ո՛վ իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան. «Ես շատ կասկածում եմ, թե՝ միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն, և դու մնաս հորի մեջ։ Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի՝ դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել՝ նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ՝ նա քեզ կտանե Մութ աշխարհք, որտեղից դու այլևս Լույս աշխարհք ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ…

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը՝ նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց, և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհքը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ, և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր՝ Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ, և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրա՛ն պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,– ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց՝ նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված՝ վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին, մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը՝ մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ[1] և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը գտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից։ Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

Վիշապի գլխավերևը նոր արդեն մի ծառից կապել էին թագավորի աղջկանը, որին պիտի կուլ տար վիշապը մի քանի րոպեից հետո։ Աղջիկն արդեն մեռելի գույն էր ստացել։ Գուրգենը մոտեցավ նրան, կապերը արձակեց և սիրտ տվավ, որ չվախենա։ Թուրը ձեռին մոտեցավ վիշապին և այնպիսի մի հարված տվավ նրա վզին, որ վիշապը երկու ահագին կտոր դարձավ, իսկ լիճը՝ արյան ծով։ Թագավորի աղջիկը ձեռքը թաթախեց արյան մեջ և, Գուրգենի մեջքին նշան դնելով, ինքը վազեց տուն, որ թագավորին հայտնե եղելությունը։ Հավաքվեցան բոլոր քաղաքացիք և քառասուն ջուխտ գոմշով հազիվ կարողացան ամեհի գազանի լեշը դուրս քարշել այնտեղից և մաքրել աղբյուրը։

Թագավորն ուզեց վարձատրել Գուրգենին, և մունետիկ ձգեց քաղաքի մեջ, որ փնտրեն նրան և բերեն, և գտան նրան՝ թագավորի աղջկա դրած նշանով։

Թագավորն ասաց Գուրգենին. «Դու, որ փրկեցիր ինձ և իմ ժողովրդին չար վիշապի գերությունից, այսօր դո՛ւ ես մեր տերը և թագավորը, ուզիր իմ աղջիկս և իմ տեղ թագավոր եղիր»։

Գուրգենը պատասխանեց. «Ես այս երկրիցը չեմ. ես Լույս աշխարհքիցն եմ ընկել այստեղ»,– և սկսեց պատմել իր գլխի անցքը և հետո ավելացրեց. «Եթե կարողանաք ինձ Լույս աշխարհք գցել կրկին՝ ես ուրիշ բան չեմ ուզիլ ձեզանից»։

Թագավորն ասաց. «Այդ անհնարին բան է. Լույս աշխարհքը շատ և շատ բարձր է մեզանից, ո՞վ կարող է քեզ վեր թռցնել և տանել այնտեղ»։

Գուրգենը ասաց. «Ինչպես լինի, ես պետք է վեր բարձրանամ, քո առաջարկությունը ես ընդունել կարող չեմ»։

Թագավորն ասաց. «Դո՛ւ գիտես, բայց որ չկարծես, թե՝ ես ընդդեմ եմ քո գնալուն, ես կժողովեմ իմ աշխարհի բոլոր գիտուններին, թող նրանք մեզ ասեն, թե՝ արդյոք մի հնար կա՞ վեր բարձրանալու։ Եվ մինչ այդ, իմ իշխանությունը և բոլոր հարստությունս քե՛զ եմ հանձնում»…

Թագավորը ժողովեց իր բոլոր աստղաբաշխներին, իմաստուններին և հայտնեց նրանց Գուրգենի ցանկությունը։ Նրանք ասացին, թե՝ հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…

Այսպես Գուրգենը մնաց Մութ աշխարհքում մոլորված։ Սկսեց պտտել զանազան տեղեր, հարցուփորձ անել և ոչ մի տեղից մի դուռը չգտավ վեր բարձրանալու։

Մեկ օր դուրս էր եկել որսորդության։ Շատ ման գալուց հոգնելով՝ նստեց մի հսկայական ծառի տակ, որ փոքո-ինչ հանգստանա, մեկ էլ մի ծվծվոց լսեց ծառի վրայից, նայեց, և… ի՜նչ տեսնի… Ծառի վրայով սողում էր մի ահռելի սև վիշապ դեպի մի մեծ բույն, որի մեջ լիքն էին մեծ-մեծ թռչուններով, բայց դեռ չէին թևավորված։ Երևում էր, որ դրանք ձագուկներ էին մի հսկայական թռչունի։ Այդ ձագուկները օձին տեսնելով սարսափի մեջ էին ընկել և սկսել էին ծվծվալ։ Այս որ տեսավ Գուրգենը՝ առավ իր նետաղեղը և ուղղակի շեշտեց վիշապի գլխին և վայր կործանեց։ Հետո հանեց դևի թուրը և, վիշապին կտոր-կտոր անելով, մի ահագին բլուր շինեց։ Այս բարեգործությունից և քաջությունից սիրտը մխիթարված՝ պառկեց ծառի ստվերումը և խոր քնի մեջ մտավ։

Այս անցքից մի քիչ հետո թռչունների մայրը թռած եկավ և, Գուրգենին տեսնելով այնտեղ պառկած, կարծեց, թե՝ նա՛ է իր թշնամին, որ ամենայն տարի կոտորում էր իր ձագերին։ Նա իսկույն ետ դարձավ և իր ճանկերով մի ջաղացքար, թե ահագին ժայռ վերցրած բերավ, որ ձգե Գուրգենի վրա։ Այս որ տեսան ձագուկները՝ մի սարսափելի ծվծվոցով և աղաղակով զգուշացրին իրանց մորը և հասկացրին, որ Գուրգենը ոչ թե իրանց թշնամին, այլ իրանց ազատարարն է։

«Նայի՛ր,– ասացին,– մայրի՛կ, այդ բլրի վրա և տես՝ ի՛նչ գազան է. դա գալիս էր, որ մեզ ուտի, և այդ մարդն է, որ սպանեց դրան և մաս-մաս արավ»։ Այս որ լսեց մայր թռչունը՝ երախտագիտական զգացմունքով լցված, ժայռը տարավ առաջվան տեղը և վերադարձավ իր ձագուկների մոտ։

Գուրգենը դեռ քնած էր։ Ծառի ստվերն անցել էր մյուս կողմը, և արևն ընկել էր Գուրգենի վրա։ Օրը շատ շոգ էր։ Մայր թռչունը, որ ասվում էր Զումրութ-Ղուշ, չուզեց Գուրգենին զարթեցնել, նա իր հսկայական թևերը փռեց ամպհովանու պես և շվաք արավ, որ նա հով-հով քնե։ Վերջը, Գուրգենը որ զարթեցավ՝ կարծեց, թե մթնել է արդեն, բայց թռչունը որ թևերը ետ քաշեց՝ կրկին լուսացավ, և Գուրգենը տեսավ հսկա Զումրութին, որ խոսեց Գուրգենի հետ և ասաց.

― Ո՛վ ազնիվ երիտասարդ, դու իմ փրկիչն ես՝ երկնքից իջած․ դու այնպիսի մի բարերարություն ես արել ինձ, որ չգիտեմ՝ ինչո՛վ կարող եմ վարձատրել քեզ։ Ահա ուղիղ հարյուր տարի է, որ ես չէի կարողանում ազատել իմ ձագերին այդ անգութ գազանի ձեռքից։

Այսօր դու փրկեցիր ինձ դրա ձեռքից, ազատեցիր իմ ամբողջ սերունդը։ Օ՜… եթե դա գողի պես չհետամտեր, եթե ես կարողանայի գոնե մեկ անգամ տեսնել դրան՝ դրա գլուխը կջախջախեի… Ո՛վ պատվական և քաջ երիտասարդ, ի՞նչ ես կամենում, որ ես քեզ համար ձեռք բերեմ, ո՞ր թագավորությունն ես ուզում, որ քեզ տամ. ո՞ր թագավորի աղջիկն ես ուզում, որ գնամ բերեմ, որքա՞ն հարստություն ես ուզում, որ աշխարհիս ամեն ծայրից հավաքեմ բերեմ քեզ համար, ասա՛ ինձ, և ամենայն ինչ մի ակնթարթի մեջ կկատարեմ ես։

– Ես ոչինչ չեմ ուզում,– պատասխանեց Գուրգենը քնաթաթախ, աչքերը տրորելով…– ես ոչինչ չեմ ուզում, այլ միայն՝ Լո՜ւյս, Լույս աշխարհք, կարո՞ղ ես տանել ինձ Լույս աշխարհք…

– Լո՜ւյս աշխարհք…– բացականչեց Զումրութը։– Ուրեմն, դու այնտեղի՞ց ես ընկել մեր աշխարհը, և ի՞նչ հրաշքով։

Գուրգենը պատմեց իր գլխի անցքը։

– Շա՛տ լավ,– ասաց Զումրութը,– ես քեզ կտանեմ Լույս աշխարհք, թեպետ դա մի շատ դժվար ճանապարհորդություն է թե՛ ինձ համար և թե՛ քեզ համար։ Քառասուն օր հազիվ կարող ենք հասնիլ։ Միշտ թռած պիտի գնամ, իջնելու տեղ չկա։ Մեզ հարկավոր է քառասուն օրվա պաշար վերցնել հետներս, քառասուն ոչխար և քառասուն տիկ ջուր։ Դու կերթաս այդ տկերն ու ոչխարները կբերես թագավորից, և մենք ճանապարհ կընկնինք տասն օրից հետո, երբ որ ձագուկներս թռցրած կլինիմ։

Գուրգենը ճանապարհ ընկնելու օրը քառասուն ոչխար մորթեց և ամեն մեկը չորս կտոր արավ և դարսեց պարկերումը, տկերն էլ ջրով լցրեց, բոլորը դարսեց Զումրութի վրա, և ինքն էլ նստեց վրան։ Զումրութն ասաց. «Եթե գլուխս աջ կողմդ մեկնեմ՝ մի կտոր միս կգցես բերանս, իսկ եթե ձախ՝ տկի բերանը կդնես բերանումս»։ Այս ասաց Զումրութն ու թռավ և, ամպերը ճեղքելով, բարձրացավ դեպի Լույս աշխարհք։

Քառասուն օրը լրացավ, բայց նրանք դեռ տեղ չէին հասել։ Մսի պաշարը հատել էր։ Զումրութը գլուխը մեկնեց դեպի աջ. Գուրգենը այլևս միս չուներ, որ գցեր բերանը։ Հանեց թուրը և իր ոտքից մի կտոր միս կտրեց և գցեց Զումրութի բերանը։ Սրանից հետո մի ժամ չանցած՝ Զումրութն իջավ Լույս աշխարհքի վրա։ Գուրգենը վայր իջավ արյունաթաթախ և չկարաց ոտքի վրա ուղիղ կանգնել, ոտքի ջլերը կտրատել էր։ Զումրութն ասաց. «Գուրգե՛ն, ես քո միսը չկերա, հանի՛ր, ահա՛ բերանումս է, դիր տեղը և իմ թևս քսիր վրան, իսկույն կառողջանա»։ Գուրգենն էլ այնպես արավ և իսկույն առողջացավ։

Հետո Զումրութը Գուրգենին մի քանի խրատներ տվավ, թե՝ որտե՛ղ պիտի գտնի Աննմանին, իսկ ինքը, նոր պաշարով բեռնավորված՝ մնաս բարով ասաց Գուրգենին և դարձավ կրկին դեպի Ներքի աշխարհը…

Ահա՛ թե ինչ էր պատմում Գյուլնազ տատը Մութ կամ Ներքի աշխարհի մասին։ Երկինք գնալը այսքան դժվարություն չուներ։ Արևահատը Արևամանուկին ցերեկվա մահից ազատելու համար մի ջուխտ երկաթե տրեխ է հագնում և մի երկաթե գավազան է բռնում ձեռին և ճանապարհ է ընկնում դեպի արևմուտք։ (Այսպես էին անում առհասարակ, որոնք որ ուզում էին Աստուծո մոտ գնալ։ Այնքան գնում էին, որ տրեխները մաշվում էին, գավազանի ծայրը՝ կոտրվում։ Այդ նշանն էր, որ արդեն աշխարհի ծայրն են հասել)։ Արևահատի տրեխները որ մաշվում են՝ նրա առջև բացվում է մի հրեղեն պալատ։ Ներս է գնում և տեսնում է այնտեղ նստած Արևամորը, այսինքն՝ Արեգակի մորը, որ մի շատ սիրուն պառավ է լինում։ Արևամայրը նրան սիրով ընդունում է, իմանում է գնալու պատճառը և թաքցնում է նրան, որ տղան՝ Արեգակը, չտեսնե նրան։ Երեկոյին տղան ներս է մտնում՝ շատ շոգած ու քրտնած… Մայրը նրան աղաչում է, որ խնայե Արևամանուկին և ագատե նրան մահից։ Տղան մոր խոսքը չի կոտրում, վեր է առնում մի կտոր բամբակ, իր քրտինքը սրբում է նրանով և ասում է. ահա՛ այս է նրա դեղը, եթե իմ քրտինքը քսեն նրա երեսին՝ նա կառողջանա, բայց ո՞վ կտանե։ Այստեղ մայրը հայտնում է Արևահատի գալը, դուրս է բերում նրան թաքցրած տեղից։ Արեգակը նրան սիրով ընդունում է և կարճ ճանապարհ է ցույց տալիս՝ կրկին իր տեղը գնալու։* * *

Գյուլնազ տատը, որ այս հեքիաթում արևի համար ասում էր, որ տղա է, նա ուրիշ անգամ ասում էր. Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Մոր մասին խոսք չկար։ Նա ասում էր. որովհետև Արեգակն աղջիկ էր՝ գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը՝ ամաչում, Լուսինը նրան մի բուռը լիքն ասեղ տվավ և ասաց. «Ով որ քեզ մտիկ տա՝ դու այս ասեղներով կծակծկես նրա աչքերը»։ Այնուհետև քույրն սկսեց ցերեկը ման գալ, իսկ եղբայրը՝ գիշերը։

Գյուլնազը չէր ասում, որ ցերեկի պատճառը Արեգակն է, որ առանց արեգակի ցերեկ չի լինիլ։ Ո՛չ. ցերեկն ինքն իր համար մի ջոկ բան է, գիշերը՝ ջոկ։ Արեգակը լինի, չլինի՝ ցերեկ պիտի լինի։ Նա ասում էր. ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գտնվում։ Ծերունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը՝ սև, և մյուսը՝ սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը՝ աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում՝ լուսանում է և ցերեկ դառնում։ Այդ ծերունին է՛լ մի ուրիշ բան չունի… շարունակ սպիտակը կծկում է, սևը բաց թողնում, սևը կծկում է, սպիտակը բաց թողնում…* * *

Գյուլնազ տատիկը շատ անգամ, խոր հոգոց քաշելով, ասում էր.

– էհե՜յ, հե՜յ… դուք հենց կարծում եք, թե՝ մեր աշխարհքն առաջ էլ այնպե՜ս է եղել… Ո՛չ։ Հին ժամանակները, երբ որ Աստված մոտիկ է եղել մեզանից, նրա ողորմությունն էլ անպակաս է եղել։ Ամեն ձմեռ երկինքը ձյունի տեղ ալյուր է եղել թափելիս, ձյունի պես սպիտակ, նրա պես մաքուր։ Մարդիկ հավաքում են եղել երկնքի ալյուրը և իրանց ամբարները լցնում այնքան, որ բավականանար մինչև մյուս ձմեռը…

Մեկ անգամ, երբ տատիկն արդեն սկսել էր պատմել, թե՝ հին ժամանակներումը մարդիկ ինչպե՛ս են եղել ապրելիս, երեխաներից մեկը, որ գլուխը տատիկի ծնկանը դրած քնել էր, հանկարծ զարթեցավ և, պատմությունը միջահատելով՝ հարցրեց տատիկին.

– Հետո՞, տատի՛կ, հետո՞…

– Ի՞նչ հետո, հոգի՛ս,– հարցրեց տատիկը։

– Դու չասացի՞ր, որ երկինքն առաջ շատ մոտիկ էր մեզանից… հետո ի՞նչպես եղավ, որ նա այսքան բարձրացավ։

– Այնպես եղավ, որ երեխեքը երբ որ սկսեցին շատ չարություն անել, անդադար վազվզում, թռչկոտում էին և Աստծուն չէին թողնում հանգիստ քնել, նա էլ բարձրացրեց երկինքը, հեռացավ, առանձնացավ, որ երեխեքն իր քունը չխանգարեն։

 – Այդպես չէ, տատի՛կ, այդպես չէ,– մեջ ընկավ մի սրամիտ երեխա, որ ուրիշ կերպ էր լսել այդ անցքը։

– Հապա ինչպե՞ս է եղել,– հարցրինք ամենքս միաբերան։

– Թող տատիկն ասի… Աստծուն խռովեցնողը ոչ թե երեխեքն են եղել, այլ՝ մի անգետ պառավ է եղել, որ երեխի…

– Այդ սո՛ւտ է, այդ սո՛ւտ է…– խնդալով ընդհատեց Գյուլնազ տատը՝ չուզենալով, որ պատճառը պառավները լինին եղած։

Այստեղ երեխեքս պաշտպան հանդիսացանք տատիկին և բարկացանք նոր զարթած երեխայի վրա, որ միջահատեց տատիկի պատմությունը։ Գիտեինք առաջուց, որ եթե տատիկի պատմության թելը կտրեինք՝ էլ մյուս անգամ նա իր ասելիքի ծայրը չէր գտնիլ, այդպես էլ կխափանվեր գործը։ Եվ ճշմարիտ՝ այնպես էլ եղավ։

Տեսնելով, որ տատիկը էլ նոր բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառնիխուռն հարցեր առաջարկել։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե աղջիկը Կանաչ-Կարմրի[2] տակովն անց կենա՝ տղա կդառնա, տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել՝ ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։

Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյուլնազ տատը։ Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր. նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։

Առաջադրանք:

Ինքնուրույն վերլուծիր ստեղծագործությունը:

Рубрика: Գրականություն 7

Կարդում ենք Սահյան

Նախագծի ժամկետը` ապրիլի 11-16-ը
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրումներ

Рубрика: Գրականություն 7

Վիլյամ Սարոյան, Դավադրությունը

Դավադրությունը կայանում էր հետևյալում. L փողոցի տղաները պետք է երեք ոտնաչափ խորությամբ, վեց ոտնաչափ երկարությամբ և երեք ոտնաչափ լայնությամբ մի փոս փորեին Կազակյանի դատարկ հողամասի միջով անցնող ամենակարճ ճանապարհի հենց մեջտեղում, որն սկսվում էր M փողոցից և հասնում մինչև L և M փողոցների միջև ընկած նրբանցքը:

Նրանք փոս պետք է փորեին կեսգիշերին, երբ շրջակայքում բոլորն արդեն վաղուց քնած են լինում, այնպես որ Աբգար Փոփքորնը, ինչպես նրան կոչում էին, որն առավոտյան առաջինն էր այդ ճանապարհով գալիս, ոչինչ չնկատեր:
Նրանք փոսը պետք է ծածկեին ձողիկներով, թերթերով և հողով:
Առավոտյան ժամը հինգն անց կեսին նրանք պետք է թաքնվեին Կազակյանի տան հետևում և նայեին, թե Աբգար Փոփքորնը ինչպես է ընկնում փոսի մեջ:
L փողոցի տղաներն էին Շիմշամյան եղբայրները՝ Հուսիկը և Ջազիրեն, որոնց կոչում էին Ֆասի և Ջազ, Մելքոնյան եղբայրները՝ Արսենը և Արտաշը, Չաղ Քիշմիշը, Շագ Բարեկոմյանը, Հայկ կամ Այք Արծրունին և Ջորջ Վրեժը: Սակայն դավադրության գաղափարը պատկանում էր Ֆասի և Ջազ Շիմշամյան եղբայրներին: L փողոցի վրայի նրանց տան բակը նայում էր ուղիղ Աբգար Փոփքորնի տան բակին՝ M փողոցի վրա: Եվ ահա, նրանց ճտերից երկուսը անցել էին փողոցն ու մտել Աբգար Փոփքորնի այգին, այդպիսով գերի ընկնելով նրան, թեև Աբգար Փոփքորն այդ հերքում էր, տղաներն էլ հիմա ուզում էին նրա հետ հաշիվ մաքրել: “L” փողոցի մյուս տղաները ճտերի պատմությունը չգիտեին, նրանց պարզապես դուր էր գալիս Աբգար Փոփքորնի համար փոս փորելու միտքը, այնպես որ նրանք փորեցին այդ փոսը, ծածկեցին ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր և առավոտյան ժամը հինգն անց կեսին բոլորով հավաքվեցին Կազակյանի տան հետևում: Աբգար Փոփքորնը “M” փողոցի իր տնից դուրս է գալիս ուղիղ վեցին տասնհինգ պակաս և քաղաք գնալիս միշտ անցնում էր Կազակյանի հողամասի ամենակարճ ճանապարհով, և տղաները վստահ էին, որ մի քանի րոպեից շատ արտասովոր բան են տեսնելու:
Ժամը վեցից քսան պակաս, “M” փողոցից հայտնվեց մի պստիկ կին և կարճ ճանապարհը բռնած քայլեց դեպի ծածկված փոսը: “L” փողոցի տղաները նման բան բոլորովին չէին նախատեսել, իսկ կինն այնքան հանկարծակի հայտնվեց և այնպիսի արագությամբ էր մոտենում թակարդին, որ բոլորը պապանձվել մնացել էին:
Վերջապես Չաղ Քիշմիշն ասաց Ֆասի Շիմշամյանին.
-Կարծես քո մայրն է, Ֆասի:
-Չէ, ասաց Ֆասին, — իմ մայրը տանն է, հաց է թխում:
-Ջազ, քո մայրը չէ, — ասաց Չաղ Քիշմիշը Ֆասիի եղբորը:
-Նա է, — ասաց Ջազ Շիմշյանը, — տեսնես ինչ է անում “M” փողոցում:
-Ջազի և Ֆասիի մայրն է, — իրար ասացին “L” փողոցի տղաները:
-Ինչ է, հիմա չեք զգուշացնելու, — ասաց Հայկ Արծրունին:
-Ոնց զգուշացնեմ, — ասաց Ֆասին, — նա ինձ կսպանի:
-Պետք է կանգնեցնենք նրան, ասաց Վրեժը:
— Ձեզնից մեկնումեկը պետք է նրան կանգնեցնի: Հո չեք թողնելու ձեր մայրը փոսն ընկնի:
-Հիմա արդեն շատ ուշ է, — ասաց Ֆասի Շիմշամյանը:
“L” փողոցի տղաները շունչները պահած նայում էին, թե ինչպես տիկին Շոքի Շիմշամյանը պիտի ընկնի փոսի մեջ, որ իրենք փորել էին Աբգար Փոփքորնի համար:
Կնոջը մնացել էր ընդամենը երկու-երեք քայլ անել:
Նրանք տեսան, ինչպես նրա ձախ ոտքը դիպավ իրենց սարքած կեղծ ծածկին, որից հետո կինն ամբողջ մարմնով թեքվեց առաջ ու ընկավ փոսը:
Նրանք մի բարձր ճիչ լսեցին:
Ծուղակն, իրոք որ ,հիանալի էր սարքված ու թաքցրած, ու լավ էլ գործեց:
Կնոջ անհետանալուց հետո “L” փողոցի տղաները շրջվեցին ու փախան:
Նրանք վազեցին, Սան Բենիտո փողոցով ուղիղ դեպի Հարավ-խաղաղօվկիանոսյան երկաթուղագիծը, այնտեղից էլ դեպի Չինական թաղամաս, և միայն Չոնգ Ջանի խանութի մոտ վերջապես կանգ առան, որ մտածեն ու քննարկեն կատարվածը:
-Պայմանավորվեցին, որ իրենց կազմակերպության անդամներից և ոչ մեկը չպետք է խոստովանի, թե որտեղից է հայտնվել այդ փոսը և դրանով էլ գործը համարեցին վերջացած:
-Տիկին Շիմշամյանը լուրջ վնասվածքներ չէր ստացել, բայց այնուամենայնիվ, մի շաբաթ պառկեց:
-Բայց փոսը այդպես էլ մի քանի տարի մնաց Կազակյանի հողամասում և վերջապես լցվեց պարոն Կազակյանի տան աղբով:
-Ամեն առավոտ, վեցից տասնհինգ պակաս, քաղաք գնալիս, Աբգար Փոփքորնը նայում էր այդ փոսին:
Այն հաճելի փոփոխություն էր մտցրել նրա ճանապարհի ձանձրալի միօրինակության մեջ:
Առաջադրանք՝ ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:
1. Ինչու էին ուզում L փողոցի տղաները փոս փորել Աբգար Փոփքորնի համար:

Рубрика: Գրականություն 7

Զատկական տոնի ժողովրդական ընկալումները

Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Մի ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)
Զատիկ բառը հատանել` Զատել կամ բաժանել կամ էլ անջատել բայից բխեցնելն է:
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:
Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է Ավետարանի հայերեն թարգմանությունում`  որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ), որը նշանակում է ելք, անցք:

Հայերի մոտ Զատիկը մշտապես տոնվել է մեծ ճոխությամբ. Տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ կազմել են զատկական օրերի կարեւոր մասերը: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տանտիկինները օրեր առաջ «ածիկ» են աճեցրել` տոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը  համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է, ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը եղել է համայնական մատաղը,  որ «ախառ» էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը:  Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվել է զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն է համարվել, երբ  այդ գիշեր տղա էր ծնվում. լուրն  արագորեն տարածվում էր, ու զատկական Կիրակին նորածնի ընտանիքի համար սովորականից ավելի մարդաշատ էր լինում:
Ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում նաև Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարելը: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած  ճյուղեր են դրել երիտասարդները  և դրանց  վրա կախել են զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Տոնական սեղանը
Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը  Քրիստոսի արյամբ գնվեց, և դրանով քարոզում ենք մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ, երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը կարմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ,  հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներով»:
Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաև բրնձով, չամիչով ու չրերով  փլավը,  ձուկը, գինին ու  կանաչեղենը:  Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արեւը:
Խաղաշատ Զատիկ
Սուրբ Զատիկն անհնար է պատկերացնել առանց ձվախաղերի, որոնք տարբեր են եղել հայոց տարբեր գավառներում, բայց ընդհանուր առմամբ առանձնացվում են հետևյալ ամենատարածվածները.
1. Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, եւ որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն` խաղընկերն իրավունք ունի մրցելու նաև ձվի բութ գագաթով: Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին: Եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու: Եթե ջարդվում է  խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է եւ անիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական չջարդած ձու:
2.  Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետեւից գլորում են իրենց ձվերը թեքության վրա եւ ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որեւէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
3. Մի քանի հոգի միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ եւ երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
4. Մի քանի  հոգի միաժամանակ, հրահանգով պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտվվող ձվերը:
Ժողովուրդն ասում է
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձուն Զատկին կսազե:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հենց սովածանան, Զատկի փլավը միտքը կբերեն:
Պաս չբռնողը զատկի համը չի գիտենա:
Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծող ձմեռնե կելնի զատիկ:
Զատիկն ասել ա` հենց գամ արմանա, հենց գնամ` զարմանա:
Զատիկն եկավ, չունի կապա, ով նվիրի ինձ մի կապա, նրան ասեմ` Հաջի պապա:

Рубрика: Գրականություն 7

Վիլյամ ՍարոյանԻ «Հայ մուկը»

Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:
Ո՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:
Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից:
Հիրավի աշխարհը նույնն է, սակայն նրանք ապրում են մի այլ աշխարհում: Այնտեղ, ուր մկներն առանձնանում են` կազմվում է մի այլ աշխարհ: Ծակուծուկի մեջ՝ ծածուկ, փոքրիկ մի աշխարհ, ընտել տեղերից անդին, ուր ոչ ոք չի տենչում գնալ:
Նյու Յորքում ուզածդ փողոց, ուզածդ շենք եւ ուզածդ տուն ունի իր մկները: Մինչեւ այժմ ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե նրանք որտեղից են գալիս: Նրանց որտեղից գալն այնքան էլ կարեւոր չէ, էական հարցադրումն այն է, թե նրանք ինչ են կոչում իրենց ցեղը: Այդ հարցի պատասխանը ոչ մենք գիտենք եւ ոչ էլ գիտությունը, սակայն ինչը որ գիտենք, շատ հստակ է` մկներն ընտանեսեր են եւ ունենում են բյուր զավակներ:

Մկների սերունդները շատ արագ են աճում, եւ իրենք էլ իրեհնց հերթին են զավակներ ունենում: Մկները վաղնջական ժամանակներից ի վեր զավակներ են ունենում: Կայտառ սերնդագործող են: Նրանք միմյանց չեն ասում. «Հարկ է սերնդագործել` հավերժացնելու համար մեր գոյությունը եւ աշխարհի երեսից չանհետանալու համար»: Նրանք պարզապես աճում եւ բազմանում են եւ չեն կորչում աշխարհի երեսից: Աշխարհ են գալիս իբրեւ արու եւ էգ, ինչը որ բնական եւ լավ կերպ է տևելու համար:
Շատ բույսեր եւ կենդանիներ չեն ծնվում իբրեւ արու կամ էգ, տղա կամ աղջիկ: Նրանցից յուրաքանչյուրը բաժանվում է կիսվելով, որպեսզի կարողանա հետզհետե բազմանալ: Առաջինի բաժանումով գոյացող արարածներից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է նույն ձեւով, մեկը վերածվում է երկուսի, երկուսը՝ չորսի, եւ այդպես շարունակ: Այնպես որ, սկզբնական բույսը կամ կենդանին, որ բաժանվելով վերածվում է այլ մի բանի` նույնը չէ, եւ եթե հարկ լիներ անուն տալ նրան`պիտի դժվարանայինք:
Մի պահ ենթադրաբար ասենք, թե նրա սկզբնական անունը Ադամ էր, քանզի Աստվածաշունչն այդպես է կոչել առաջին մարդուն: Ուրեմն մենք էլ Ադամ կոչենք խնդրո առարկա բույսին կամ կենդանուն:
Ուրեմն, երբ սա կիսվելով վերածվում է երկուսի, առաջին կեսը կոչենք Ադամ եւ երկրորդ կեսը` Եվա, քանզի Սուրբ Գիրքը Եվա է կոչել երկրորդ արարածին, որ կին էր: Եվան ծածկամիտ էր եւ իր մտքերի մի մասը գաղտնի էր պահում: մինչդեռ Ադամը մտքին եկածն անմիջապես ասում էր: Նա ասաց. «Եկ փոքր-ինչ ննջենք, քանի որ դեռեւս աշխարհի սկիզբն է»:
Ծառ ու ծաղիկ, ստվեր ու խոտ, ամեն բան պայծառ է ու փառահեղ: Ուստի շատ բնական էր, որ Ադամը կամեցավ խոր քուն մտնել`ստուգելու համար, թե ամենայն ինչ իր շրջապատում երա՞զ էր, թե՞ ոչ: Եվ Եվային ասաց. «Եվա աղջիկ, արի այնպես քաղցր քուն մտնենք ու տեսնենք, թե արթնանալո՞ւ ենք արդյոք, եւ եթե այնպես պատահի, որ արթնանանք, այնժամ միայն կհասկանանք, որ այս ամենը երազ չէ»:
Սովորականի պես Եվայի դեմքին թեթեւ ժպիտ ուրվագծվեց, քանզի նա ծածկամիտ էր ու գաղտնիք ուներ: Այնուհետեւ Ադամը քնեց խնձորենու շվաքի ներքո: Իրականում ծառն այդ խնձորենի չէր, այլ ծիրանի ծառ: Այս տեղեկությունը գիտությունն է հայթայթել մեզ համար, եւ ուրեմն, գիտությունն էլ երբեմն օգտավետ է:
Երբ Ադամը նինջ մտավ ծիրանի ծառի տակ, ոսկեշող թիթեռնիկներ եկան հանգչելու նրա հյութեղ ծիրանների վրա, կարմիր ու դեղին թեւերով հավքերը պար բռնեցին ոսկեծամ լույսի մեջ: Մինչ Ադամն անդորրավետ խոկում էր, Եվան իր մտքի ողջ հնարամտությամբ որոշեց, որ Ադամի արթնանալուն պես, նրան մի հասուն ծիրան պիտի հրամցնի: Երբ Ադամն այն ճաշակեր, ինքն ու Ադամը` առաջին այրն ու կինը, առաջին հայրն ու մայրը լինելու ճանապարհը պիտի բռնեին:
Իսկ եթե Ադամն իմանար, թե ինչ պիտի լիներ այդ հասուն ծիրանն ուտելուց հետո, թերեւս վարաներ: Սակայն իր մտածելակերպը Եվայինին նման չէր, հետեւաբար՝ կերավ ծիրանը, որ շատ համեղ էր: Եթե առիթ լինի՝ ձեր ձեռքով մի ծիրան պոկեք ու համտեսեք, այն ժամանակ կհասկանաք, թե որքան համեղ էր Ադամի կերածը, թերեւս նաեւ համոզվեք, որ այդ համտեսելուն հաջորդող փորձանքներն էլ արժեր կրել:
Գարնանային հասուն ծիրանն աշխարհի չնաշխարհիկ ու ճաշակելիք լավագույն բաներից մեկն է: Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Նրա համն իմանալու համար հարկ է համտեսել: Նրա համը յուրահատուկ է: Նրա համը նման չի խնձորի, տանձի, դեղձի, խաղողի, թզի, մորենու, ելակի, կեռասի, սեխի, կամ որեւէ այլ մի բանի: Սրանցից յուրաքանչյուրն էլ սքանչելի համ ունի, սակայն ոչ այն համը, որ հատուկ է ծիրանին:
Կա մի բան եւս: Ծիրանի կենտրոնում գտնվում է մի կարծր կորիզ: Այդ կորիզն առերեւույթ շատ պինդ է, բայց կարծր կեղեւի տակ հանգչում է սիրտը, որ նուշի նման է: Վերցնում ես մուրճը, կոտրում ես ծիրանի պինդ կորիզի կեղեւը, հասնում ես սրտին, եւ քանի որ այն նուշի նման է, դնում ես բերանդ ու ծամում, հետո հանկարծ անախորժ համ ես զգում:
Ծիրանի սիրտը լեղի է: Այնքան լեղի է, որ ստիպված ես լինում թքել, քանի որ չես կարողանում ծամել ու կուլ տալ այն, մինչեւ երեսունդ բոլորելը: Սակայն հաջորդ անգամ ուտելիս մի մոռացիր ծիրանի կորիզը, պահիր այն: Միջուկը լեղի է, քանի որ Ադամի ցավերը բեւեռված են այնտեղ, ու չնայած այսքան տարիների վայրիվերումներին՝ դեռեւս շարունակում է լեղի մնալ:
Չկարծեք թե մտքիցս վրիպել է այն բանը, որ ոչ արու է, որ էգ, ոչ տղա է, ոչ աղջիկ, եւ թե զավակ չի ունենում այնպես, ինչպես տղամարդն ու կինը կամ մուկը: Սրանք կիսվելով են բազմանում: Այդ բանը երբեք ուշադրությունիցս չի վրիպել: Խնդիրն այս է, որ երբ սկսում ես խոսել որեւէ անձի մասին, հայտնվում է մեկ ուրիշը, որ կամենում է իր մասին բան ասել, քանի որ աշխարհում յուրաքանչյուր անձ մի նշանաբան ունի.«Ես էլ կարեւոր մարդ եմ»: Լավ նշանաբան է: Այս նշանաբանը սկսվեց Ադամից եւ այդուհետ շարունակվում է:
Ուրեմն այն մարդը, որի մասին խոսում եմ, որոշեցի Ադամ կոչել: Ադամն ինքն իրեն բաժանեց երկուսի, եւ ուրեմն երկրորդ կեսին, որ ոմանք սիրում են լավագույն կես անվանել, որոշեցինք Եվա կոչել՝ ի պատիվ առաջին կնոջ երեւան գալուն:
Այն կեսը, որ Ադամն է, դարձյալ կիսվում է, եւ մյուս կեսը, որ Եվան է, այն էլ իր հերթին է կիսվում, հետեւաբար ի՞նչ եք կոչելու այս երկու նոր կտորները: Եկեք սրանց էլ կոչենք Աբել եւ Կայեն: Եվ այսպիսով ընդամենը չորսը կլինեն:
Հիմա, երբ այս չորսից յուրաքանչյուրը` Ադամը, Եվան, Աբելն ու Կայենը կիսվեն, սրանցից սերած յուրաքանչյուր նոր կեսին անուն գտնելու դժվարին գործն է ծագում: Մինչեւ աչքդ թարթես, ութ կտորից յուրաքանչյուրն էլ պիտի կիսված լինի, այնպես որ, պիտի տասնվեց կտոր ունենաս, եւ եթե կամենաս սրանցից յուրաքանչյուրին անուն պարգեւել, ստիպված կլինես մեծ թվով անունների ցուցակ ունեցող մասնագետի դիմել: Մինչդեռ նա զբաղված կլինի այս տասնվեցին անուններ տալու գործով, իսկ անուն ստացողներն էլ, իրենց հերթին, պիտի բաժանվեն երեսուներկուսի, վաթսունհինգի, եւ այսպես շարունակ:
Հավանաբար, հենց այս պատճառով էլ մկներն իրենց ձագերին անուն չեն տալիս: Նորածին մկները թվով այնքան շատ են լինում, որ դժվար թե ծնողները զորու լինեն նրանց համար անուն գտնել: Ո՞ր մեկին անուն տաս:
Սակայն մի բան որոշակի է: Ծնող ամեն մի մուկ` որպես մուկ է ծնում: Մկները քաջատեղյակ են, որ ամեն մուկ մուկ է: Յուրաքանչյուր մուկ ինքն է եւ ոչ այլ մուկ: Այս գիտակցությունն էլ հիանալի բան է:
Մկներն ընդհանրապես միտված են մոռանալու իրենց պատահած անախորժ բաները, քանզի գիտեն, որ նմանատիպ բաներ հիշելն անօգուտ է: Մկան համար գերագույն հաճույք է անդորրավետ, ապահով, մութ ու չոր վայրում ապրելը`բազում այլ մկներով ու ճոխ ուտելիքով շրջապատված:
Մկան համար ամենաչարաբաստիկ բանը կատվին դեմ հանդիման գալն է, տեսնելն ու սարսելն ու սարսափի մատնվելն է այն բանից, թե ինչպես է ազատվելու նրա ճիրաններից:
Վախենալը շատ վատ բան է, սակայն մկները մշտապես սարսափել են կատուներից, քանի որ նրանք մուկ բռնելու եւ ուտելու համար հոգի են տալիս: Սա ամենաբիրտ արարքն է, որ մեկը կարող է թույլ տալ մյուսի հանդեպ, բայց կատուների համար մուկ բռնելը եւ ուտելը գերագույն հաճույք է:
Անշուշտ, եղածը լավ բան չէ, սակայն, ըստ երեւույթին, կատուն դրանից հաճույք է ապրում: Բայց, ի վերջո, ի՞նչ է կատուն: Կատուն հանդարտաբարո է ու հեզահամբույր, կես ժպտում ու բան չի ասում, սակայն, երբ մուկը մեջքը ծռում է, հանկարծ թաթով մի հարված է իջեցնում եւ սկսում է նրան վեր նետել ու վար սուրալիս բռնել:
Կատուն կատու է` մկան սարսափը: Բայց կատվի վախից առավել սարսռազդու բան էլ կա: Դա էլ օձի վախն է: Օձն ունի մի այնպիսի բան, որ մկանն այնչափ սարսափի է մատնում, որ նա քարացած, տեղից շարժվելու ուժ էլ չի ունենում: Չի կարողանում վազել ու փախչել, մնում է իր ողորմելի վիճակում՝ ուր որ է, եւ օձը հանդարտորեն սողալով կլլում է նրան` բացարձակապես անարգելով նրա արժանապատվությունը:
Մկան համար ամենաչարագույժ կենդանին օձն է: Իրապես օձն էլ այլ կենդանիների պես լավ արարած է, սակայն մկան երջանկության ակը սմքեցնող փորձանք: Նախ եւ առաջ, օձը տարօրինակ երեւույթ ունի: Նա ունի գեղեցիկ գույներ, հիանալի գլուխ ու հրապուրիչ աչքեր, որոնց նայող մուկն ակնթարթաբար դյութվում է:
Անտարակույս օձերը միշտ այնտեղ են` մկների եղած վայրում: Վաղնջական ժամանակներից ի վեր մկները երկնչում են կատուներից ու սարսում օձերից: Մկան պես զգայուն կենդանու համար կատուն անբաղդատելի խոշոր թշնամի է, եւ օձն էլ՝ անհունորեն սահմռկելի կենդանի:
Ուրեմն, եթե պատահեց, որ ուրախ ու զվարթ մի մուկ դժբախտություն ունենա հանդիպելու գեղեցիկ, կարմիր ու կանաչորակ գծավոր մի օձի, կորցնում է իր բարձր տրամադրությունը, անմիջապես դադարում է զվարճանալ, այլեւս չի վազում, տեղում քարանում ու ահից դողում է: Այս պատեհ առիթից օգտվելով, օձը մոտենում է մկանն ու կլլում նրան: Մուկը գլխին եկածը ոչ հասկանում է եւ ոչ էլ զորու է հիշել:
Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:
Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:
Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:
Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:
Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:
Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:
Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:
Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:
Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:
Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:
Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:
Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:
Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:
Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:
Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:
Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:
Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:
Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:
Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:
Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:
Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:
Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:
Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:
Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:
Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:
Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:
Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:
Առաջադրանքներ:
1.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանով:
2.Բնութագրիր հայ մկանը:
3.Քո վերաբերմունքը ստեղծագործության վերաբերյալ:

Рубрика: Գրականություն 7

Կարդում ենք Չարենց

Նախագծի ժամկետը՝
Փետրվարի 1-ից մարտի 13-ը
Մասնակիցները՝
Միջին դպրոցի 7-րդ դասարանների սովորողներ

Նպատակը

կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները
ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ

Խնդիրները

  • Չարենցի թողած գրական ժառանգությունը
  • ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում

Նախագծի իրականացման քայլերը

  • քննարկում սովորողների հետ
  • քայլերի մշակում
  • առաջարկությունների գրառում
  • աշխատանքի բաժանում
  • այցելություն Չարենցի տուն-թանգարան
  • զբոսանք, թափառումներ Չարենցի քաղաք Երևանով
  • բաց դաս, հարցազրույցի կազմակերպում Չարենցի արձանի մոտ, շրջակայքում
  • չարենցյան ընթերցումներ Փոքր դահլիճում
  • տպավորությունների ու ճամփորդության արդյունքների հրապարակում

Թեմաներ՝

  • Չարենցը՝ բանաստեղծ՝ կարդում ենք ռուբայաթները
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը
  • Չարենցը՝ դպրոցում
  • Չարենցի կերպարը հայ արվեստում
  • Չարենցը և բարբառայնությունները
  • Չարենցի բառաշխարհը

Ակնկալվող արդյունքներ

Անհատական, խմբային, ընտանեկան հետաքրքիր

  • նախագծեր
  • վերլուծություններ
  • տեսանյութեր
  • ռադիոնյութեր
  • գրական թատրոն
  • թափառիկ ընթերցումներ

Նախագծի արդյունքների ներկայացում

  • սովորողների պատումներն իրենց բլոգներում
  • հավաքված նյութի մշակում-հրապարակում

Գնահատումը

Մասնակիցը գնահատվում է ըստ իր նախնական փուլում  կատարած ուսումնասիրությունների, նախագծի արդյունքների ներկայացման, նախագծի շարունակականությունը ներկայացնող պատումների

1․Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն…
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

2․Ֆիլմադարան

Բացահայտում
Չարենցի տունը Կարսում
Եղիշե Չարենց
«Մահվան տեսիլ» ֆիլմը