Рубрика: Քիմիա 8

<<ԲՏՃՄ>> ուսումնական բնագավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բաց հավաք

Հոկտեմբերի 26-ին ժամը ՝ 10.30- 12.00 <<ԲՏՃՄ>>ուսումնական բնագավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բաց հավաք>>-ին քիմիայի լաբորատորիայում նախատեսել եմ իրականացնել.<<Քիմիայի ուսուցումը լաբորատոր փորձերով. մաքուր նյութերի ստացումը խառնուրդներից՝ կիրառելով բաժանման ֆիզիկական եղանակներ և տարբեր հատկանիշներով քիմիական ռեակցիաների կատարում՝ պահպանելով անվտանգության կանոնները>>:

Առաջադրանք 1. <<Մաքուր նյութ՝ կերակրի աղի ստացումը քարաղից, բաժանման տարբեր ֆիզիկական եղանակների կիրառմամբ>>

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Քարաղ, բաժակ, լաբորատոր կալան, ֆիլտրի թուղթ, Շոտի ֆիլտր, ցենտրիֆուգ, ապակե ձողիկ, ճենապակե թասիկ, սպիրտայրոց, լուցկի:

Աշխատանքի ընթացքը.

1. Նախ բաժակի մեջ լցրեք մոտ 5 գ մանրացրած քարաղ, ավելացրեք 20 մլ ջուր և խառնեք ապակե ձողիկով: Ստացված պղտոր հեղուկը թողեք հանգիստ վիճակում, բաժակի հատակին կնստեն կավն ու ավազը, ինչու՞:

2. Ավազի վրայի պղտոր հեղուկը զգուշությամբ լցրեք մեկ այլ բաժակի մեջ և կատարեք զտում(ֆիլտրում), որպեսզի խառնուրդում մնացած չլուծված մասնիկները բաժանեք: Կատարեք զտումը ֆիլտրի թղթթով, Շոտի ֆիլտրով կամ ցենտրիֆուգով:

3. Ստացված թափանցիկ ֆիլտրատը (զտահեղուկը) լցրեք ճենապակե թասի մեջ, տեղադրեք կալանի օղի վրա: Վառեք սպիրտայրոցը, տեղադրեք օղի տակ՝ այնպես, որ բոցի արտաքին մասը հպվի թասի հատակին, լուծույթը տաքացրեք, և մերթ ընդ մերթ խառնեք ապակե ձողով, որ չցայտի: Երբ թասի մեջ լուծույթը թանձրանա և թասի պատերին նկատեք կերակրի աղի խորանարդաձև բյուրեղիկները, տաքացումը դադարեցրեք և թողեք այնքան, որ բյուրեղացումը ավարտվի:

Հարցադրումներ. 

1. Քարաղից մաքուր նյութ՝ կերակրի աղի ստացման համար, ինչպիսի՞ բաժանման ֆիզիկական եղանակներ օգտագործեցիք, թվարկեք:

2. Ինչպե՞ս կհիմնավորեք , որ ստացել եք մաքուր կերակրի աղ:

3. Խառնուրդներից  մաքուր  նյութերի  ստացմանինչպիսի՞  ֆիզիկական  եղանակներ  գիտեք:

Առաջադրանք 2. <<Տարբեր հատկանիշներով քիմիական ռեակցիաների կատարում՝պահպանելով անվտանգության կանոնները>>:

1. <<Հրավառություն>>՝ մագնեզիումի այրումը օդում

2.Իրականացրեք <<հրաբուխ>> ամոնիումի երկքրոմատով:

Հարցադրումներ.

1) Ինչպիսի՞  հատկանիշներով  համոզվեցիք, որ տեղի  է  ունեցել  քիմիական  երևույթ:

2) Կարո՞ղ եք գրել Ձեր իրականացրած ռեակցիաների հավասարումները և նշել, թե, ո՞ր տեսակին են պատկանում:

3) Քիմիական ռեակցիաների ինչպիսի՞ տեսակներ գիտեք:

Փորձարարական քիմիայի նպատակը

Հոկտեմբերի 24-29 տեղի ունեցավ ԲՏՃՄ ուսումնական բնագավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բաց հավաք։ Երկու օր անընդմեջ ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիա այցելեցին Տավուշի մարզի Իջևանի վարժարանի, STEMAR կրթական կենտրոնի, Դդմաշենի և Ծաղկունքի դպրոցի սովորողներն ու դասավանդողները։

Նախաբան

Քիմիան փորձարարական գիտություն է եւ ուսումնասիրում է նյութերն ու նրանց հատկությունները: Հաջող ուսուցման լավագույն նախապայմանը հետաքրքրությունն է ուսումնասիրվող առարկայի նկատմամբ, որը երբեք պատահաբար չի արթնանում: Քիմիայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու գործում ցուցադրական փորձը չափազանց մեծ դեր ունի: Ուսուցչի համար հեշտ է, նայելով քիմիական ռեակցիայի հավասարմանը, եզրակացություն կատարել նյութի այս կամ այն հատկության մասին, սակայն եկեք սրան նայենք երեխայի աչքերով: Որոշ քիմիական երեւույթներ ընթանում են ակնհայտ նշաններովգույնի, հոտի փոփոխություն, գազի պղպջակների կամ նստվածքի անջատում, լուսային կամ ջերմային ճառագայթում, ինդիկատորի վրա ազդեցություն եւ այլն: Որեւէ քիմիական երեւույթ մեկ անգամ տեսնելը մի քանի անգամ ավելի տպավորիչ է, քան այդ մասին բազմաթիվ անգամներ լսելը: Փորձը դիտելու ընթացքում երեխայի մոտ առաջանում են իրարամերժ զգացումներ զարմանք, վախ, հետաքրքրություն եւ այլ ուժեղ տպավորություններ, որոնք երբեք չեն մոռացվում, եւ, ուղղորդելու արդյունքում, կարելի է երեխայի մոտ առաջացած հետաքրքրությունը փոխել հետաքրքրասիրության:
Քիմիական էքսպերիմենտը քիմիայի ուսուցման մեջ զբաղեցնում է կարեւոր տեղ: Քիմիական փորձ (էքսպերիմենտ-փորձարկում) ասելով հասկանում ենք հետազոտվող երեւույթի դիտարկումը որոշակի պայմաններում, որը թույլ է տալիս հետեւել երեւույթի ընթացքին եւ կրկնել այն` պայմանները պահպանելու դեպքում: Որպես ճանաչողության միջոց նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դիտարկումների ժամանակ եւ փորձերի ինքնուրույն կատարման դեպքում սովորողները հեշտ են ընկալում նյութերի հատկությունները եւ քիմիական երեւույթները, սովորում են հաստատել գիտելիքները քիմիական փորձերով, ինչպես նաեւ ձեռք են բերում ինքնուրույն աշխատելու հմտություններ: Աշակերտը, որը կատարում է փորձեր եւ դիտարկումներ տարբեր պայմաններում, համոզվում է, որ բարդ քիմիական գործընթացները ենթարկվում են բնության օրենքներին, որոնց տիրապետելն ապահովում է քիմիական փոխարկումների օգտագործման լայն հնարավորություններ մարդու պրակտիկ գործունեության մեջ: